Կենսագրական
‹‹Արտ-Ստոմ›› ստոմատոլոգիական
կենտրոնը ստեղծվել է 2006 թ.-ի հունիսի 13-ին: Այն անվանակոչված է հայ մեծ բանաստեղծ
Արտակ Համբարձումյանի անունով:
Արտակ Ֆեդյայի Համբարձումյանը
ծնվել է 1969 թ.-ի հունիսի 17-ին՝ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ուսուցչի ընտանիքում:
1976 թ.-ին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1986 թ.-ին: Դպրոցական
տարիներին նա ցուցաբերել է գրական, նկարչական, երաժշտական հակումներ: Այդ սերը նրան
վերջնականապես տարավ գրական աշխարհ: Մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Մխիթար
Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով ստոմատոլոգիական ֆակուլտետը
(1986-1994 թթ.): Ուսումնառության տարիներին՝ 1988-1990 թթ., ծառայել է խորհրդային
բանակում: Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արտաշատի ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝
որպես բժիշկ-ստոմատոլոգ:
Կենդանության օրոք տպագրվել
են ‹‹… Ու արտասվել մազերիդ մեջ›› (1996 թ.) և ‹‹Երկնքից այն կողմ›› (1998 թ.) ժողովածուները:
Հայաստանի գրողների միության և ‹‹Հայ գրականության բարեկամներ›› միության անդամ է
1997 թ.-ից: Արժանացել է Պարույր Սևակի անվան և Հայաստանի գրողների միության ‹‹Նոր-Դար››
ամսագրի հատուկ մրցանակներին: Ներկայումս բանաստեղծի ծննդավայրի միջնակարգ դպրոցը և
Շահումյան գյուղի փողոցներից մեկը անվանակոչված են իր անունով: 2001 թ.-ից գործում
է նաև ՀԳՄ սահմանված Արտակ Համբարձումյանի անվան գրական մրցաանակաբաշխություն:
Պարույր Սևակի հետ ճակատագրերի
զարմանալի զուգադիպություն. Արտակ Համբարձումյանը ծնվել է 1969 թ.-ի հունիսի 17-ին
և զոհվել ավտովթարից: Զուգադիպում են ոչ միայն հունիսի 17-ն ու ավտովթարը, այլև գրական
ճակատագրերը:
Զոհվել է 2001 թ.-ի փետրվարի
12-ին:
Գրողի մահից հետո տպագրվել
է ‹‹Սպասիր ինձ, Տե′ր…›› ժողովածուն՝ կազմված գիտական հրատարակության սկզբունքներով:
2009 թ.-ին ժողովածուն վերահրատարակվել է բարեփոխված տեսքով: Վերջինիս ամբողջական ներկայացված
է http://freebooks.do.am/ համացանցային կայքում:
Հետմահու հրատարակվել են
‹‹Քարե վարդ›› (2003 թ.) և ‹‹Ես դեռ գալու եմ…›› (2004 թ.) ժողովածուները: 2005 թ.-ին
լույս է տեսել Արտակ Համբարձումյանին նվիրված ‹‹Երկնասույզ երկիր›› գիրքը: Բանաստեղծի
ստեղծագործությունները տպագրվել են տեղի և հանրապետական մամուլի բազմաթիվ պարբերականներում:
Առանձին երկեր թարգմանվել են նաև իտալերեն՝ 2002 թ.-ի ‹‹BOLLETTARIO ›› հանդեսում: Բանաստեղծի հիշատակը վառ պահելու համար ստեղծվել
են ‹‹Կապուտաչյա առասպել›› տեսաֆիլմը, մի շարք ռադիո և հեռուստահաղորդումներ: Արտակ
Համբարձումյանին կենդանության օրոք բարձր են գնահատել Համո Սահյանը, Վահագն Դավթյանը,
իսկ ետմահու՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը և ուրիշներ:
|